Jump to content

Սուրբ Հակոբոսի ճանապարհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Հակոբոսի ճանապարհ
Camino de Santiago*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Սուրբ Հակոբոսի ճանապարհ
Երկիր Իսպանիա Իսպանիա
Տիպ Մշակութային
Չափանիշներ
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1993  (17 նստաշրջան)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Սուրբ Հակոբոսի ճանապարհ (իսպ.՝ El Camino de Santiago, Էլ Կամինո դե Սանտյագո), ուխտագնացության նշանավոր ճանապարհ, որ տանում է Հակոբոս առաքյալի ենթադրյալ գերեզման։ Ճանապարհը գտնվում է Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքում, որի հիմնական մասը տեղակայված է Հյուսիսային Իսպանիայում։ Շնորհիվ մեծ ճանաչման` այս ուղին մեծ ազդեցություն է թողել միջնադարյան մշակութային ձեռքբերումների տարածման վրա։ Սուրբ Հակոբոսի ճանապարհն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում։

20-րդ դարի երկրորդ կեսին ուխտագնացության ճանապարհի բացահայտման և վերականգնման հարցում մեծ ներդրում է ունեցել քահանա, գիտությունների դոկտոր Էլիաս Վալինյա Սամպեդրոն, ում ջանքերի շնորհիվ, սկսած 1980-ական թվականներից, ճանապարհը դարձյալ մեծ ճանաչում ձեռք բերեց։ Այսպես, եթե 1978 թվականին նրանով անցել է ընդամենը 13 մարդ, ապա 2009 թվականին՝ ավելի քան 145.000 մարդ։ Սուրբ Հակոբոսի ճանապարհի հանրահռչակման հարցում մեծ դեր է խաղացել նաև Պաուլո Կոելիոյի «Կախարդի օրագիրը» վեպը, որ հրատարակվել է 1987 թվականին։

Ուղերթի պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքը, ուր տանում է ճանապարհը, կաթոլիկության երրորդ մեծ սրբավայրն է և զիջում է միայն Հռոմին ու Երուսաղեմին։ Այդպիսի մեծարանքի պատճառը, որը քաղաքին տվել է «քրիստոնեական Մեքքա» անվանումը, Իսպանիայի մեծագույն սրբությունն է` Հակոբոս առաքյալի մասունքը, ով այդ երկրի երկնային հովանավորն է։

Մասունքի ձեռքբերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդության համաձայն` 44 թվականին Սուրբ երկրում առաքյալի նահատակվելուց հետո նրա մասունքները դրվել են նավակի մեջ և հանձնվել Միջերկրական ծովի ալիքներին։ Հրաշափառ եղանակով նավակը լողում է Իսպանիա, ուր սուրբը նախկինում քարոզչություն էր արել, և դուրս է գալիս Ուլյա գետի ափի մոտ (այդտեղ էլ ավելի ուշ հիմնադրվել է քաղաքը)։ 813 թվականին, ինչպես վկայում է եկեղեցական ավանդույթը, այս կողմերում ապրող հոգևորական Պելայոն, հետևելով առաջնորդող ինչ-որ աստղի, հայտնաբերել է մասունքով նավակը, որը մնացել էր անվնաս։

896-899 թվականներին Ալֆոնսո III Մեծ արքան հրովարտակ է արձակել, որի համաձայն մասունքների հայտնաբերման տեղում կառուցվել է ոչ մեծ եկեղեցի։ Տեղանքն անվանվել է Կոմպոստելա (լատին․՝ Campus Stellae, բառացի` «աստղի մատնանշած վայր»)։ Սուրբ Հակոբոսը, որ հրաշափառ ձևով հայտնվել էր մավրերի դեմ պատերազմում, դառնում է Իսպանիայի և Ռեկոնկիստայի հովանավորը։ Այդպես առաքյալը, որն իր ծառայության ընթացքում ձեռնարկել էր Սուրբ երկրից Իսպանիա երկարատև ուղևորությունը, սկսվել է համարվել հավատացյալների հովանավոր։

Ճանապարհի հանրաճանաչության աճ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմպոստելա քաղաքը երկրի հովանավոր սրբի և տասներկու առաքյալներից մեկի հուղարկավորմամբ դարձավ Իսպանիայի, ինչպես նաև կաթոլիկ աշխարհի սրբավայրերից մեկը։ Ավանդույթի հաստատման համար, լեգենդի համաձայն, մեծ դեր է խաղացել Կառլոս Մեծի երազը. նրան երազում հայտնվում է Հարդագողի ճանապարհը, որը սուրբ տեղանքով ձգվում էր դեպի Ֆրանսիա և Իսպանիա, իսկ Տերը Կառլոս Մեծին կոչ էր անում մաքրել «աստղային» ճանապարհը մավրերից։ Կայսրը զորքերը տանում է Պիրենեյան լեռներով և ազատագրում Կաստիլիան ու Լեոնը, Գալիցիան, Նավառան ու Լա Ռիոխան[1]։

Առաջին հայտնի ուղտագնացը եղել է եպիսկոպոս Գոդեսկալկը (Գոտշալկ) Լե Պյուիից։ Նա Ֆրանսիայից Կոմպոստելա է ուղևորվել 950-951 թվականների ձմռանը[2]։

12-րդ դարում Կալիստոս II-ը ուխտավորներին ինդուլգենցիա ստանալու իրավունք է շնորհել, ինչի շնորհիվ Կոմպոստելան դասվել է Երուսաղեմի ու Հռոմի հետ նույն շարքին։ Կա կարծիք, որ հիմնական ուղիները ձևավորվել են հիմնականում 11-րդ դարում. 1160-ական թվականներին ուխտավորներին ավազակների հաճախակի դարձած հարձակումներից պաշտպանելու նպատակով կաստիլական գահը հիմնադրել է ռազմաասպետական Սուրբ Հակոբոսի օրդենը։

Լե Պյուի ան Վալե տաճար` Պոդենի ճանապարհի մեկարկային կետ Սուրբ Սերնինի ռոմանական բազիլիկը Թուլուզում` Սուրբ Հակոբոսի ճանապարհի շրջադարձի կետ Սուրբ Ֆե աբբայությունը Կոնքում` կարևոր կետ Պոդենի ճանապարհին

Միջնադարում Կոմպոստելա գնացող ուխտավորների քանակը հսկայական է եղել։ Սակայն ժամանակի հետ, պայմանավորված բռնկված ժանտախտի համաճարակով, Եվրոպայի բնակչությունը զգալի անկում է ապրել, իսկ հետագայում Ռեֆորմացիայի ու 16-րդ դարի քաղաքական անկայունության հետևանքով ուխտագնացությունն անկում է ապրում։ 19-րդ դարում գիտնականներն ու արվեստագետները բացահայտում են Սուրբ Հակոբոսի ճանապարհը և հիմնական մշակութային կենտրոններից ու մայրաքաղաքների հեռու զարմանքով հայտնաբերում միջնադարյան արվեստի աչքի ընկնող հուշարձաններ, որոնք նախորդ մի քանի դարերում անուշադրության էին մատնվել։ 1980-ական թվականներին մատների վրա կարելի էր հաշվել ուխտավորների, սակայն այդ ժամանակից ի վեր ճանապարհի հանդեպ անընդհատ աճող հետաքրքրություն է նկատվում, և ուխտավորների թիվն ավելանում է բոլոր աշխարհամասերից։

Տարբեր ժամանակներում Սանտյագո ուխտագնացություն են կատարել Անգլիայի արքա Էդուարդ I-ը, Երուսաղեմի արքա Ժան դե Բրիենը, Ֆրանցիսկ Ասսիզեցին, Յան վան Էյքը, Հովհաննես Պողոս II-ը, բրազիլացի նշանավոր գրող Պաուլո Կոելիոն և այլք[3]։

Աշխարհագրական բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմպոստելան դեպի իրեն է գրավում հավատացյալների ողջ Եվրոպայից։ Սուրբ Հակոբոսի ճանապարհով անցել են ուխտագնացներ Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Անգլիայից, Իռլանդիայից, Լեհաստանից և այլ երկրներից։ Միջնադարում Սուրբ Հակոբոսի ճանապարհի հանրաճանաչությանը նպաստել է այն հանգամանքը, որ այն միավորում էր տեղական շատ ուխտագնացություններ, այսինքն` ճանապարհն անցնում էր այնպես, որ ուխտավորը կարող էր այցելել ամենից մեծ ուշադրություն վայելող սրբավայրեր` (սուրբ Վերայի, Մարիամ Մագդաղենացու, Իլարիոսի, Ֆրոնտոյի, սուրբ Լեոնարդի, սուրբ Եվտրոպիայի և այլոց մասունքներն ամփոփող սրբավայրեր)։

Հիմնական ճանապարհներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Հակոբոսի ճանապարհի ֆրանսիական ուղիները

Սուրբ Հակոբոսի ճանապարհի ամենակարևոր հատվածը սկսվում է Ֆրանսիայի հարավում, անցնում Պիրենեյներով (Ռոնսեվալ կամ սոմպորտ կիրճերով)։ Իսպանիայում գլխավոր մայրուղին Պամպլոնայիտ ընթանում է մինչև Սանտյագո դե Կոմպոստելա և կրում է «Ֆրանսիացի արքաների ճանապարհ» անվանումը։

Ֆրանսիայի տարածքում ուղերթի դարձակետին են տանում հետևյալ ճանապարհը.

  • Թուլուզի ճանապարհ (Via Tolosana) - սկսվում է արևելքում և անցնում Սեն Ժիլով, Սեն Գիլմեն լե Դեզերով և Թուլուզով։
  • Պոդենի (Via Podensis) - գրեթե զուգահեռ է նախորդին։ Սկսվում է Լե Պյուիից և անցնում Կոնքով ու Մուասակով։
  • Լիմոժի (Via Lemovicensis) - սկսվում է Վեզլեում, անցնում Լիմոժով ու Պերիգյոյով և միանում Պոդենին ու Ռոնսենվալեին։
  • Տուրի (Via Turonensis) - սկսվում է Լա Մանշից, անցնում Տուրով, Պուատիեով, Սենտով և Բորդոյով։

Սուրբ Հակոբոսի ճանապարհի ազդեցությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուրգոսի տաճար

Բնակչության լայն զանգվածների մշտական արտագաղթերը չէին կարող չազդել Սուրբ Հակոբոսի ճանապարհին ընկած գյուղերի ու քաղաքների բնակիչների վրա։ Ուխտավորներին անհրաժեշտ էր հանգստանալ ու սնվել, նրանցից շատերը օթևանում էին ճանապարհին գտնվող մենաստաններում ու վանքերում, որտեղ նույնպես կարող էին խոնարհվել սրբերի գուցե պակաս կարևոր, բայց և շատ պաշտելի մասունքներին։

Ուխտագնացության ճանապարհների մոտ գնտվող սրբավայրերը զարգանում էին։ Ոչ մեծ կուտակումները ստիպում էին վերանայել ոչ միայն եկեղեցական շինությունների` գոյություն ունեցող ճարտարապետությունը, այլև կենցաղավարման սկզբունքները, բնակելի հատվածները, ուտելիքի պաշարները, պաշտամունքի տարբեր առարկաների պահպանության սրահները։ Սուրբ Հակոբոսի ճանապարհը այնպիսի ուղի էր, որի շնորհիվ սկսում է ձևավորվել այսպես կոչված «ուխտագնացության եկեղեցի» հասկացությունը։ Այս տեսակին բնորոշ հիմնական տարբերությունները ռոմանական ճարտարապետությունից հետևյալն են. տարածությունն ավելի ընդարձակ է, չափերը` մեծացված, իսկ շինությունների խելամիտ պլանավորումը թույլ էր տալիս ավելի հարմար կարգավորել մարդկային հոսքերը։ Ճանապարհի երկարությամբ հսկայական թվով տաճարներ են ի հայտ գալիս` ձևավորված այս սկզբունքը կրկնող տարբեր դրսևորումներով[4]։

Նշանավոր ուխտգնացներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Էլիաս Վալինյա Սամպեդրո - Սուրբ Հակոբոսի ճանապարհի ժամանակակից ուխտագնացության ու զբոսաշրջության հիմնադիրը, տեսականորեն նախապատրաստել (դոկտորական ատենախոսության պաշտպանություն) և գործնականում իրագործել է (սկզբնական ուղենշում, «Ֆրանսիական արքաների ճանապարհի» ուղերթի վերականգնում) ուխտագնացություն։
  • Պաուլո Կոելիո - 1987 թվականին «Կախարդի օրագիրը» գրքի լույսընծայումից հետո Իսպանիայում իրապես զանգվածային ուխտագնացություն է սկսվում Սուրբ Հակոբոսի ճանապարհով։ Գրողը իսպանական կառավարությունից մրցանակ է ստացել, իսկ 1999 թվականի ապրիլին մեծարանքով ընդունվել Վատիկանում Հովհաննես Պողոս II պապի կողմից[5]։

Սուրբ Հակոբոսի ճանապարհը մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեգենդներ և բանահյուսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմպոստելայի ճանապարհին մի անմեղ երիտասարդի կախում են` կեղծ մեղադրանք առաջադրելով գողության մեջ։ Մեկ ամիս անց ծնողները նրան կենդանի են գտնում կախաղանի մոտ. նրա մարմինը պահել էր սուրբ Հակոբոսը։ Սյուժեի տեսարաններ հանդիպում են խորաններում ու վիտրաժներում։

Խորհրդանշաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Խեցու պատկեր Լանգեդոկի եկեղեցու պատին, Ֆրանսիա

Սուրբ Հակոբոսը սկսել է համարվել ճամփորդների հովանավոր։

Սրբի խորհրդանիշ է համարվում խեցու պատկերը։ Խեցիները դարձել էին Սուրբ Հակոբոսի ճանապարհով անցնող ուխտավորների տարբերանշանները, որոնք, օրինակ, ամրացվում էին հագուստին։ Խեցու պատկերներով են զարդարված ճանապարհի ողջ երկայնքով գտնվող շինությունները։

Սուրբ Հակոբոսի ճանապարհը արվեստում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Դևիդ Լոջ - «Թերապիա»
  • Պաուլո Կոելիո - «Կախարդի օրագիրը»
  • Պաուլո Կոելիո - «Տասնմեկ րոպե»
  • Պաուլո Կոելիո - Ալքիմիկոսը
  • Մարչելո Սիմոնի - «Սուրբ գրքերի վաճառականը»
  • Մաքսիմ Բեսպալով - «Ճանապարհ դեպի աշխարհի վերջ»
  • Գենրի Մորթոն - «Զբոսանք Իսպանիայում»
  • Սոնյա Չոկետ - «Անկասելին»
  • «Ուխտագնցություն Կոմպոստելա» - Լուիս Բունյուելի «Հարդագողի ճանապարհը» ֆիլմի սյուժետային մոտիվ։
  • «Ասք Ռոլանդի մասին» ֆիլմը (1978) պատմում է խաչակիրների ժամանակաշրջանի թափառական թատերախմբի դերասանների մասին, որոնք ուխտագնցություն են կատարում Սանտյագո դե Կոմպոստելա։
  • 2010 թվականին էկրան է բարձրացել Էմիլիո Էստևեսի «Ճանապարհ» ֆիլմը, որը պատմում է Սուրբ Հակոբոսի ճանապարհը հաղթահարած հոր մասին, ով այդպիսով իր հարգանքի տուրքն է մատուցել որդուն, որը մահացել էր այդ նույն ճանապարհի սկզբնական հատվածում։ Գլխավոր դերը կատարել է Էստևեսի հայրը` Մարտին Շինը։
  • «Ես քեզ կտանեմ աշխարհի ծայրը» - Քրիստին Կաբիչի ֆիլմը (2010)
  • «Ուխտավորը» հեռուստաֆիլմ (ԳԴՀ, 2014) - պատմում է գերմանացի աղջկա մասին, ով 14-րդ դարում ուխտագնցություն է կատարել սուրբ Հակոբոսի ճանապարհով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Вокруг Света»: Дорога на Сантьяго-де-Компостела(չաշխատող հղում)
  2. Паломничество в Сантьяго де Компостела в средние века и в наше время
  3. Дневник велопаломника
  4. Романские паломнические церкви в Западной Европе
  5. «Пауло Коэльо: факты». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Հակոբոսի ճանապարհ» հոդվածին։